Ըստ ճապոնացի նկարիչների` բուսական աշխարհի գծապատկերների անսահման գեղեցկությունն իր արտահայտությունն է գտնում իկեբանա արվեստում: Դա ծաղկահարդարման կամ ծաղկեփունջ կազմելու արվեստ է, բայց ոչ սովորական հասկացությամբ, այն իր մեջ ունի փիլիսոփայություն: Իկեբանան ունի 800 տարվա պատմություն: Այն ստեղծվել է Բուդդայի տաճարում, հոգևորականների կողմից: Ասում են, որ ճապոնուհիները ամուսնության դաշինք չեն կարող կնքել առանց կարուձևի, խոհարարության և իկեբանայի արվեստն իմանալու: Դեռևս 7 տարեկանից ճապոնացի աղջիկներին ուսուցանում են ծաղիկներից կոմպոզիցիաներ ստեղծելու արվեստը, միաժամանակ երեխաների մեջ դաստիարակում ներդաշնակության և կատարելության զգացում: Իկեբանան իգական դպրոցներում և քոլեջներում համարվում է հիմնական և պարտադիր առարկա: Մասնագետներ դառնալու համար ուսանում են 3 տարի և 10 ամիս, որի ընթացքում ծանոթանում են գեղանկարչության, ծաղիկների բուրմունքի, գույների, երանգների եւ բույսերի կազմաբանության հետ: Ամեն տարի Տոկիոյում հայտարարվում են իկեբանայի մրցույթներ:

Իկեբանայի ամենամեծ եւ ժամանակակից դպրոցներից է Սոգետցուն, որի ղեկավարներից է Սոֆու Տաշիգահարան:

Ճապոնական ծաղկեփնջի հիմքը կազմում են երեք հիմնական խորհրդանիշ-ցողուններ: Իկեբանայի սկզբունքների համաձայն՝ երեք ցողուններից ամենաերկարը` սինը, խորհրդանշում է երկինքը և կոմպոզիցիայում շատ կարևոր տարր է, քանի որ նրա դիրքից և դինամիկայից է կախված կոմպոզիցիայի տպավորությունը: Երկրորդը՝ ցողունը` լյուսին, խորհրդանշում է մարդուն և առաջին ցողունից կարճ է: Երրորդ ցողունը` խիկաեն, ամենակարճն է, որը խորհրդանշում է հողը:

Իկեբանա ստեղծելիս օգտագործվում են ոչ միայն թարմ ծաղիկներ, այլ տարբեր բույսերի ծռմռված և բազմաձև չոր ճյուղեր՝ իրենց վրա մնացած չոր պտուղներով, զանազան շիվեր, արմատներ և կեղևներ, մի խոսքով, բոլոր այն բնական միջոցները, որոնցից կստացվեն արհեստական բնապատկերներ:

Ստեղծված կոմպոզիցիան դրվում է հատուկ պատվանդանի վրա և բնակարանում ունի իր սուրբ անկյունը, որը կոչվում է տոկոնոմա: Ճապոնական ընտանիք մտնող հյուրն առաջին հերթին մոտենում է տոկոնոմային, ուշադիր զննում իկեբանան, ձգտելով հասկանալ տանտիրոջ կամ տանտիրուհու տրամադրությունը: Եթե հյուրը զգաց տանտիրոջ բարեհաճ տրամադրությունը, սկզբում խոնարհվում է իկեբանային, ապա՝ տանտիրոջը, և հետո անցնում առօրյա զրույցին, անպատճառ ընդգծելով կոմպոզիցիայից ստացած իր տպավորության մասին: Իսկ եթե կոմպոզիցիան հյուրին զգացնել տա, որ տանտերը անտրամադիր է, հյուրը պարտավոր է անմիջապես հեռանալ: Ճապոնացի նկարիչների կարծիքով, կոմպոզիցիաներում և ծաղկեփնջերում պետք է օգտագործել կենտ թվով ծաղիկներ և դրանք դասավորել ասիմետրիկ և այնպես, որ ծաղիկներն իրենց ծայրերով չշփվեն միմյանց հետ:

Ճապոնիայում ամենատարածված ծառը սոճին է: Նոր տարվա կոմպոզիցիաները կազմվում են սոճու ճյուղերից, որոնք մարմնավորում են երկարակեցություն, հնդեղեգի ճյուղերից, որոնք մարմնավորում են տոկունություն, և գունավոր մոմերից: Ճապոնիայում մարտի երեքին ծաղկում է դեղձենին: Այդ օրը նշվում է որպես աղջիկների տոն, ու նրանց զարդարում դեղձենու վարդագույն ծաղիկներով, որոնք մարմնավորում են նրբություն, անմեղություն ու գեղեցկություն: Պատանիների տոնը Ճապոնիայում նշվում է մայիսի 5-ին: Այդ օրը նրանք կրում են կաղնու ճյուղեր, որը մարմնավորում է ուժ, կամք ու քաջություն: